ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Մի՞թե այսպիսի Ազգային ժողովի էր արժանի տաղանդավոր ու հինավուրց հայ ժողովուրդը

Մի՞թե այսպիսի Ազգային ժողովի էր արժանի տաղանդավոր ու հինավուրց հայ ժողովուրդը
07.10.2026 | 12:00

Թվում էր, թե միակ առաջնային մանդատ ունեցող, երկրի քաղաքական բարձրագույն մարմինը պետք է բացառապես ազգի իմաստուն ու նվիրյալների հավաքատեղի լիներ, բայց արի ու տես՝ «լավագույն» ավանդույթները շարունակվում են, և նորից առավելապես նույն միջակությունը, գորշությունն ու պատեհապաշտներն են հանգրվանել Ազգային ժողովում։ Իսկ ազգի իրական ընտրանին հերթական անգամ հայտնվել է լուսանցքում։ Բայց դե, ասում են՝ ընտրյալներ, որ արժանի են իրենց ընտրողներին, կամ ժողովուրդ, որ արժանի է իր ընտրյալներին։ Մինչդեռ պետություն կառավարելը լուրջ գործ է, կատակ բան չէ. բացառապես փորձառու, իմաստուն, խիզախ, նվիրյալ, ազնվական ծագում և գիտելիքների մեծ պաշար ունեցող մարդկանց գործ է։
Ազգային ժողովն էլ, առավելապես վերջին տարիներին, նմանվում է առանց կանոնների մարտի ռինգի և վերածվել է փոխադարձ մեղադրանքների ու վիրավորանքների, հաշիվներ պարզելու, սեփական ուժի ու գիտելիքների ցուցադրման, սպառնալիքների, մանիպուլացիաների ու բանսարկությունների թատրոնի, ինչը կարծես նույնությամբ շարունակվեց նաև 9-րդ գումարման ԱԺ այսօրվա նիստում։ Այնտեղ գրեթե չեղան բովանդակային ելույթներ ու չարվեցին այս մղձավանջից դուրս գալու և ապագայի զարգացմանն ուղղված առաջարկություններ։ Պատգամավորներից շատերի մոտ էլ զգացվում էր հասունության, լրջության, պատասխանատվության և գիտելիքների անհրաժեշտ պաշարի ու փորձի պակաս։
Երեկվա նիստը ցույց տվեց, որ այս խորհրդարանի գերակշռող մասը ոչ ազգային, ոչ ինտելեկտուալ և անհայտ կենսագրություն ունեցող անձինք են, և այս կազմի հետ ապագայի հույսեր կապելը գրեթե անիմաստ է։ Այստեղից պետք է ենթադրել, որ հայ ժողովուրդը հերթական անգամ հայտնվել է խաբված, անելանելի ու բարդ իրավիճակում։ Եվ այս ամենն արդյունք է չկայացած քաղաքական համակարգի ու քաղաքականապես ոչ գրագետ ընտրազանգվածի։
Ցավոք, այդպես էլ պետության ու քաղաքական գործընթացների նկատմամբ լուրջ ու պատասխանատու չենք վերաբերվում, և ԱԺ-ում մեր իսկ շնորհիվ, որոշ արժանավոր մարդկանց կողքին, առավելապես հանգրվանել են ոչ քաղաքական, ոչ գաղափարական ու անհայտ կենսագրության տեր պատահական մարդիկ, որոնց գլխավոր նպատակն անձեռնամխելիությունից ու արտոնյալ կարգավիճակից օգտվելն ու իրենց անձնական ու խմբային ամբիցիաները բավարարելն է։
Անկախության տարիներին էլ, ըստ էության, կուսակցությունները Հայաստանում չկայացան և քաղաքական ինստիտուտներից վերածվել են կարիերայի ակումբների, որտեղ հիմնականում շատ ավանտյուրիստների, ճարպիկների, պոպուլիստների ու ապաշնորհների համար հանգրվանելը ցանկացած գնով լավ և հեշտ ապրելու միջոց է դարձել։ Նրանք ցանկացած գնով ժողովրդից որքան հնարավոր է շատ քվե պոկելու, Ազգային ժողովում մանդատ, իսկ կառավարությունում պորտֆել ունենալու, պետության գրկում հարմարավետ հանգրվանելու ու բարեկեցիկ կյանք ապահովելու նպատակ են հետապնդել։ Բազմաթիվ են եղել դեպքերը, երբ մեկ գումարման ընթացքում պատգամավորը ոչ միայն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չի եկել, այլև ոչ մի ելույթ չի ունեցել։
Մինչդեռ այստեղ պետք է քննարկվեն և ընդունվեն երկրի, պետության ու ժողովրդի համար պատասխանատու ու ճակատագրական որոշումներ ու հանրային կյանքը կանոնակարգող օրենքներ։ Ազգային ժողովի ամբիոնը պետք է երկրին ու հանրային կյանքին վերաբերող տարբեր հարցերի ու օրենքների նախագծերի բովանդակային, շահագրգիռ ու անկեղծ քննարկումների հարթակ դառնա, և այլընտրանքային կարծիքների քննարկման արդյունքում էլ պետք է ծնվեն ազգանպաստ ու արդյունավետ որոշումներ ու օրենքներ։ Իսկ խորհրդարանի այս կազմի ու որակի, հարցերի քննարկման այս մոտեցման դեպքում փոփոխությունների հույսեր ակնկալելը, ցավոք, իրատեսական լինել չի կարող։

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածու
Դիտվել է՝ 217

Մեկնաբանություններ